Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ամենամեծ գեղձը` լյարդից հետո (ենթաստամոքսային գեղձ)

Սիրելի հետաքրքրասեր բարեկամ, մեր հանդեսի նախորդ համարների ՙՃանաչիր քո օրգանիզմը՚ խորագրի տակ տպագրված հոդվածները ձեզ ծանոթացրել են մարդու օրգանիզմում գործող տարբեր գեղձային օրգանների, բջիջների գործունեությանը: Դրանք են` մաշկի մազարմատների քրտնագեղձերն ու ճարպագեղձերը, բերանի խոռոչի, քիթըմպանի լորձ և թուք արտադրող, աչքի արցունքաբեր գեղձերը, ոսկրերի հոդային մակերեսները, ջլերն ու կապանները ձուսպահեղուկով օծող, օրգանիզմում պաշտպանական իմունային հակամարմիններ արտադրող ավշային գեղձերն ու հանգույցները: 

 

Հիշեցման կարգով ասենք, որ գեղձերը էպիթելային ծագում ունեցող օրգաններ, բջիջներ են, որոնք օժտված են ֆիզիոլոգիական, կենսաքիմիական ակտիվ նյութեր` ֆերմենտներ, հորմոններ, հակամարմիններ արտադրելու կամ նյութափոխանակության արգասիքները խտացնելու և օրգանիզմից դուրս բերելու հատկություններով:

 

Տարբերում են գեղձերի երկու տեսակ` արտազատիչ, որ թվարկված են վերևում, և ներզատիչ (էնդոկրին) գեղձեր:

 

Այս հոդվածը նվիրված է օրգանիզմի ամենամեծ (լյարդից հետո) գեղձին: Դա ենթաստամոքսային գեղձն է (պանկրեաս), որն, ի տարբերություն արտազատիչ գեղձերի (թքագեղձեր, քրտնագեղձեր և այլն), օժտված է նաև կարևոր ներզատիչ (էնդոկրին) հատկություններով:

 

Ենթաստամոքսային գեղձը (պանկրեասը) մարսողական համակարգի երկրորդ մեծ գեղձն է:  Այն գտնվում է որովայնի խոռոչի վերին բաժնում, ստամոքսի հետևում և հպված է որովայնի հետին պատին: Նրա կշիռը 65-100 գ է: Բաղկացած է դեպի աջ դարձած, հաստացած մասից` գլխից (տես` նկարը), միջին մասից` մարմնից, ձախ ծայրից` պոչից: Գլուխը սերտորեն կպած է 12-մատնյա աղիքին, որը պայտի նման գրկում է նրան: Մարմինն անմիջապես հպված է ողնաշարին, հասնում է փայծաղին:

 

Գեղձի արտաքին պատյանը շատ բարակ է` թափանցիկ: Դրսից պարզ երևում է նրա բլթակային կառուցվածքը, որը ողկույզների ձև ունի:

 

Ենթաստամոքսային գեղձը համարվում է խառը` և´ ներզատիչ, և´ արտազատիչ գեղձ: Նրա արտազատիչ մասն արտադրում է ֆերմենտներով հարուստ մարսողական հյութ, իսկ ներզատիչը` այնպիսի հորմոններ, որոնք կանոնավորում են շաքարի փոխանակությունը:

  

Մարսողական հյութը փոքրիկ ծորանների միջոցով գեղձի բջիջներից լցվում է նրա գլխավոր ծորանը, ապա անցնելով գեղձի երկայնքով, լեղածորանի հետ բացվում է 12-մատնյա աղիքի մեջ: Գլխավոր ծորանից բացի, գեղձն ունի նաև ավելի փոքր` հավելյալ ծորան, որը նույնպես բացվում է 12-մատնյա աղիքում: Գեղձի արտադրած հյութի ֆերմենտները տարրալուծում են ճարպերը, սպիտակուցները և ածխաջրերը (շաքարներ): Սա նրա գործունեության արտազատիչ մասն է:

 

Ներզատիչ ֆունկցիա են կատարում գեղձի բջջահյուսվածքային միավորներ հանդիսացող Լանգերհանսյան կղզյակները, որոնց թիվը հասնում է 0,5-1,5 միլիոնի և ցրված են ամբողջ գեղձի մեջ: Սրանց բջիջներն արտադրում են ինսուլին և գլուկոգոն կոչվող հորմոնը, որոնք, անցնելով արյան մեջ, կանոնավորում են ածխաջրատային փոխանակությունը: Օրվա ընթացքում կղզյակներն արտադրում են միջին հաշվով 2 գ ինսուլին: Վերջինիս արտադրության խանգարումը հանգեցնում է շաքարախտ (դիաբետ) կոչվող ծանր հիվանդության առաջացմանը: Ինսուլինի անհրաժեշտությունը զգացվում է հատկապես արյան մեջ շաքարի քանակի ավելացման ժամանակ: Նրա ազդեցությամբ աղիքներից արյան մեջ անցած շաքարը (գլուկոզա) որպես գլիկոգեն կուտակվում, պահեստվում է լյարդում` կարիքի դեպքում նորից շաքարի վերածվելու համար: Արյան մեջ շաքարի նորմալ քանակը մեկ լիտրում տատանվում է 4,2-6,4 մ/մոլի սահմաններում: Երբ մարդը չափից ավելի շաքար է ընդունում կամ ախտահարվում է գեղձը, ինսուլինի պակասի հետևանքով արյան մեջ շաքարի քանակն անցնում է 6,4-ի սահմանը (գերշաքարայնություն), ապա գլիկոգենի չվերածված հավելյալ շաքարը արտաթորվում է մեզի հետ` առաջանում է շաքարամիզություն (դիաբետ):

 

Ինսուլինը միաժամանակ նպաստում է, որ գլուկոզան ներթափանցի օրգանիզմի բջիջների թաղանթների մեջ. թաղանթները սկսում են կլանել այն, որի շնորհիվ արյան մեջ շաքարի քանակը պակասում է: Այս դեպքում ակտիվանում է միաժամանակ գեղձում արտադրվող գլուկոգոն հորմոնը, որն օժտված է ինսուլինին հակառակ ազդեցությամբ: Եթե ինսուլինը նպաստում է լյարդում և մկաններում գլիկոգենի կուտակմանը, ապա գլուկոգոն հորմոնը, ընդհակառակն` պահեստներից դուրս է մղում գլիկոգենը և բարձրացնում շաքարի քանակն արյան մեջ` հասցնելով նորմայի մակարդակի:

 

Նկար 1. Ենթաստամոքսային գեղձ

 

 

 

Այս երկու հորմոններն արյան մեջ ոչ միայն շաքարի քանակության կարգավորիչներ են, այլև մասնակցում են հենց իր` գեղձի գործունեության կանոնավորմանը: Ինսուլինը խթանում է գեղձային բջիջների կողմից արտադրվող մարսողական ֆերմենտների սինթեզը, իսկ գլուկոգոնն արգելակում է դրանց արտադրությունը: Ենթաստամոքսային գեղձի նորմալ գործունեության դեպքում այս բարդ և զարմանալիորեն փոխկապակցված` իրարամերժ, բայց ինքնակառավարվող գործընթացների շնորհիվ առողջ մարդու օրգանիզմում մշտապես պահպանվում է հյուսվածքներին անհրաժեշտ շաքարի մակարդակը: Պակասը լրացվում է, ավելցուկը` պահեստավորվում, հետագայում շաքարի քաղցը կարգավորելու համար:

 

 

Ածխաջրերով հարուստ սնունդը` շաքարը, թխվածքները, քաղցրավենիքը, սպիտակ հացը, խաղողը և ընդհանրապես բոլոր քաղցր մրգերը գեղձի բջիջներին ստիպում են անընդհատ ինսուլին արտադրել: Դրա հետևանքով բջիջները հյուծվում են, իսկ արտադրված ինսուլինի ակտիվությունը նվազում: Դրա համար էլ հատկապես տարեց մարդիկ պետք է աշխատեն սահմանափակել ածխաջրատներով հարուստ սննդամթերքի ընդունումը: Հակառակ դեպքում ենթաստամոքսային գեղձի լարված գործունեությունը նրան հյուծում է, և ձևավորվում է դիաբետ (շաքարախտ) քրոնիկական հիվանդությունը:

 

Շաքարախտը օրգանիզմում բազմաթիվ այլ հիվանդությունների առաջացմանը նպաստող և դրանց բուժման համար կարևոր խոչընդոտ է:

 

Սակայն պետք է հիշել, ճիշտ սնվելու և առողջ ապրելակերպի պատշաճ կիրառումը կարող է հիվանդին երկար տարիների բնականոն կյանքի երաշխիք լինել:

  

Հեղինակ. Մարտունի Մուրադյան Պրոֆեսոր
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ